Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2022» լրագրողական մրցույթը: Մրցույթի նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը և իրազեկմանը՝ երկրում ընթացող իրադարձությունների, մարդու իրավունքների, ճգնաժամերի, մարդասիրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, երկրի կայունացման ճանապարհների և հնարավոր տնտեսական լուծումների վերաբերյալ։
«Թվապատում 2022» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ անվանակարգերի պայմաններին`
- Homo Agendi (Գործող անձ)
- Դիտակ
- Արտակարգ Գրություն
- Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում
- Լուսաբանելով գիտությունը
Ժամկետներ և պայմաններ
Նյութերը պետք է հրապարակված լինեն 2021թ. օգոստոսի 31-ից 2022թ. օգոստոսի 31-ը ժամանակահատվածում հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր, փոդքասթ և այլն):
Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև 2022թ. օգոստոսի 31-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022թ․-ի հոկտեմբերին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել
Մանե Գրիգորյանին՝ [email protected] էլ. հասցեով, հեռ․՝ 010 58 36 20, 095 58 36 35։
Անի Դարբինյանին՝ [email protected] էլ. հասցեով, հեռ.՝ 010 583620, 093 26 04 77:
Homo Agendi (Գործող անձ)
Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու հնարավորությամբ ու փորձով: Այս անվանակարգի նյութերը կարող են ներկայացնել մրցույթի թեմաներից ցանկացածը։
Homo Agendi անվանակարգում պարգևատրվում է թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:
Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում
Նյութերում պետք է օգտագործված լինեն նորարար մոտեցումներ, ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաներ և գործիքներ, սթորիթելինգի (պատումների) ժամանակակից ձևաչափեր, ինչպիսիք են՝ լոնգրիդը, ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը ապահովող հնարքներ և այլն:
Մրցանակը՝ 200 000 դրամ:
Դիտակ
Այս անվանակարգում ներկայացված նյութերը կարող են՝
- պատրաստված լինել լրագրողական հետաքննության ժանրում, պարունակել լրագրողական հետաքննության տարրեր,
- հիմնված լինել քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտման, փաստերի ստուգման ու ճշգրտման, ապատեղեկատվություն և մանիպուլյացիա բացահայտման վրա,
- պատրաստված լինեն բացատրական լրագրության ժանրի ձևաչափով։
Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն տվյալների լրագրության, փաստերի ստուգման և այլ նոր մեդիա գործիքների օգտագործումը:
Մրցանակը՝ 250 000 դրամ:
Արտակարգ Գրություն
Լրագրողական աշխատանքները կարող են անդրադառնալ Հայաստանում ճգնաժամերի՝ պատերազմի, համավարակի (Covid 19), ներքաղաքական լարվածությունների հետևանքով առաջացած խնդիրներին:
Այս անվանակարգի նյութերը կարող են առնչվել մարդու իրավունքներին, ոլորտում առկա սուր խնդիրների բացահայտմանը, մարդկային ճակատագրերի պատմություններին, իրավունքների պաշտպանության գործում արդյունավետ պայքարի օրինակներին և այլն։
Մրցանակը՝ 250 000 դրամ
Լուսաբանելով գիտությունը
Հիմնական անվանակարգերից բացի այս տարի հատուկ մրցանակի կարժանանա գիտության թեմայով լավագույն լրագրողական աշխատանքը։ Նյութերը կարող են ներկայացված լինել ցանկացած ժանրով և ձևաչափով։
Մրցանակը՝ 200 000 դրամ։
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ո՞վ կարող է դիմել մրցույթին
Ո՞վ է ստանում մրցանակը:
Կարելի՞ է մրցույթին ներկայացնել ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցում, բիզնես կամ հասարակական կազմակերպության կայքում հրապարակված նյութ:
Կարելի՞ է ներկայացնել չհրապարակված նյութ:
Կարելի՞ է մրցույթին ներկայացնել ոչ հայաստանյան լրատվամիջոցում հրապարակված նյութ:
Կարելի՞ է օտար լեզվով նյութ ներկայացնել:
Կարելի՞ է մրցույթին ներկայացնել նյութեր, որոնք վերբեռնված չեն որևէ առցանց հարթակում:
Որո՞նք են նյութի տեխնիկական պահանջները:
Առավելագույնը քանի՞ նյութ կարող է ներկայացնել մեկ հեղինակը:
Կարո՞ղ է հեղինակը մեկից ավելի հայտ ներկայացնել միևնույն անվանակարգի համար:
Կարո՞ղ է հեղինակը միևնույն նյութը ներկայացնել տարբեր անվանակարգերի համար:
Եթե նյութը համապատասխանում է մի քանի անվանակարգերի, ինչպե՞ս ընտրել՝ որ մեկին ներկայացնել:
Ինչպե՞ս են ընտրվում հաղթողները:
Ովքե՞ր են ընդգրկված ժյուրիի կազմում:
Ի՞նչ մրցանակներ են ստանում հաղթողները:
Ի՞նչ հաճախականությամբ է անցկացվում մրցույթը:
Ու՞մ դիմել հարցերի դեպքում:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ
«Թվապատում 2022» լրագրողական մրցույթը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցում են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն աջակցում է արտահայտման ազատությանն ու լրատվամիջոցների որակի բարելավմանը, նպաստում է մեդիագրագիտության տարածմանը, մասնակցում է մեդիա օրենսդրության բարելավմանն ու լրագրողների իրավունքների պաշտպանության աշխատանքներին: Իր գործունեության քսան տարիների ընթացքում կազմակերպությունն անցկացրել է մոտ 800 դասընթաց մեդիա մենեջմենթի, հեռուստառադիո արտադրության, հետաքննական, մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրության, նոր մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով՝ կրթելով շուրջ 3500 փորձառու և սկսնակ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների: ՄՆԿ-ի հեղինակած հեռուստատեսային, ռադիո և ինտերնետային հարուստ արտադրանքն անդրադառնում է մարդու իրավունքների, հակամարտությունների, միգրացիայի, ընտրությունների, ազգային փոքրամասնությունների, գենդերային և այլ թեմաներին:
Կազմակերպությունը Հայաստանում գործում է 1995 թ.-ից՝ Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն անվամբ: 2013թ․-ի հուլիսին վերանվանվել է և գործում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» անվամբ: