Blog

Հայտնի են «Թվապատում 2019»-ի մրցանակակիրները

Հայտնի են «Թվապատում 2019»-ի մրցանակակիրները

Սեպտեմբերի 27-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց արդեն հինգերորդ տարին անցկացվող «Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:

«Թվապատում 2019»-ի ժյուրիի կազմում են Հայաստանի մեդիադաշտի հայտնի մասնագետներ՝

  • Լիլիկ Ստեփանյան, ԵՊԼՀ-ի դասախոս, լրագրող,
  • Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար,
  • Գոհար Տեր-Հակոբյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ,
  • Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ,

Այս տարի ևս ժյուրիի կազմում էր նախորդ տարվա «Գործող անձ» անվանակարգում հաղթած հրապարակման հերոս Սիփան Ասատրյանը։

«Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթն ուներ երկու նոր անվանակարգ՝ նվիրված փաստերի ստուգմանն ու մարդասիրական թեմաներին:

«Homo Agendi (Գործող անձ)» անվանակարգում հաղթեց 4 Plus-ի «Տաթևիկ» պատմությունը:

300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Վաղինակ Ղազարյանն ու հերոս՝ Տաթևիկ Ռևազյանը: Տաթևիկը մրցանակի գումարը ուղղել է Տիգրան Ամիրխանյանի բուժմանը։

«Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում» անվանակարգում հաղթող  ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Աստղիկ Գևորգյանը՝ Ampop.am-ում հրապարակված «Համայնքների միավորում և խոշորացում. Բնակիչների համաձայնությունը ոչ միշտ է առկա» մուլտիմեդիա լրագրողական աշխատանքի համար:

«Դիտակ. հետաքննական լրագրություն» անվանակարգում մրցանակակիրը «Հետք»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանն էր՝ «Հայկական ոսկու գինը. Աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» հետաքննական պատմությամբ: Նա ևս արժանացավ 250 000 դրամի։

«Ստատուս․ մարդու իրավունքներ» անվանակարգում մրցանակի և 250 000 դրամական պարգևի արժանացավ «Առավոտ»-ի լրագրող Նելլի Բաբայանը «Սովորույթի ուժով՝ ընդհատելով կրթությունը» վավերագրական ֆիլմի համար:

«Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում մրցանակի  է արժանացել «Հետքի» լրագրող Դիանա Ղազարյանը «Մենակ դասարանում. Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է» մուլտիմեդիա պատմության համար և պարգևատրվել 200 000 դրամով:

«Ստուգված է. տեղեկությունների ստուգում» անվանակարգում լավագույն լրագրողական աշխատանք է ճանաչվել 24news.am-ի «Շաքարավազի շուկայում հեղափոխությունից հետո ավելացել է Սամվել Ալեքսանյանի հարևանը» մուլտիմեդիա նյութը: Հեղինակ Լիլիթ Հովհաննիսյանը պարգևատրվեց 200 000 դրամով։

«Թվապատում» մրցույթում հատուկ մրցանակ շնորհվեց Երևանի քաղաքապետարանի անունից՝ «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել. տարածքը՝ վաճառվել» հետաքննության համար «Հետքի» լրագրողներ Սեդա Ղուկասյանին, Սարո Բաղդասարյանին և Տիրայր Մուրադյանին։

Մարդասիրական թեմաներով հատուկ մրցանակի արժանացավ Լուսին Մկրտչյանը «Մեդիամաքսում» հրապարակված «Վազաշեն. Կրակոցները, պարող և «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները» նյութի համար:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց նաև երեք պատմության հեղինակների՝ Mediamax.am-ից Ամալի Խաչատրյանին՝ «Զրոյից» շարքի համար, Daphnearmenia.com-ից Վահե Ներսեսյանին՝ «40 տարվա լռություն» նկարազարդած

պատմության համար, Hetq.am-ից Մարինե Մարտիրոսյանին՝ «Հայաստանի «փակ քաղաքները»․ հոգեբուժարաններ» հետազոտական նյութի համար։

«Թվապատման» խրախուսական մրցանակների արժանացան  EVNreport.am-ում հրապարակված նյութերի երկու հեղինակներ՝ Արշալույս Բարսեղյանը «Կհավատա՞ս» լրագրողական աշխատանքի համար և Կուշանե Չոբանյանը «Տիգրան Գևորգյան. Կոտրելով կարծրատիպերը» նյութի համար: Խրախուսական մրցանակ շնորհվեց նաև նյութի հերոս Տիգրան Գևորգյանին, որը բարդություններով, համբերությամբ ու համառորեն անցնում է իր կյանքի ճանապարհը՝ հաղթահարելով Դաունի համախտանիշով մարդկանց հանդեպ եղած նախապաշարումները: