Blog

«Թվապատում 2020»-ը ամփոփեց տարին

«Թվապատում 2020»-ը ամփոփեց տարին

«Թվապատում 2020. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքներն այս տարի ամփոփվեցին դեկտեմբերի 22-ին:

Այս տարի լրանում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործունեության 25 ամյակը։ Մենք միշտ կարևորել ենք ազատ, անկախ և պատասխանատու լրագրությունը։ Եվ այս տարին էլ ամփոփում ենք՝ ևս մեկ անգամ նշելով մեր գործընկերների աշխատանքի կարևորությունը։

«Թվապատում 2020»-ի ժյուրիի կազմում են Հայաստանի մեդիադաշտի հայտնի մասնագետներ՝

  • Մեսրոպ Հարությունյան, ԵՊԼՀ-ի դասախոս, մեդիափորձագետ,
  • Լևոն Սևունց, ՍիԲիՍի-ի Միջազգային Կանադական Ռադիոյի անգլիական բաժնի լրագրող և պրոդյուսեր,
  • Գոհար Տեր-Հակոբյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ,
  • Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ,

Ինչպես յուրաքանչյուր տարի՝ ժյուրիի մասնագիտական կազմում էր նաև նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ 4 Plus-ի «Տաթևիկ» պատմության հերոսը Տաթևիկ Ռևազյանը:

«Թվապատում 2020. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթն ուներ նոր անվանակարգ՝ արտակարգ գրություն՝ պայմանավորված Covid 19 համավարակով։

Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:

Ստատուս մարդու իրավունքներ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ EVNreport.com-ից Աստղիկ Կարապետյանը՝ «Երեխաները սեռական ոտնձգությունների թիրախում. մտահոգություններ և անվտանգ միջավայրի փնտրտուք» նյութի համար:

Ստուգված է անվանակարգում լավագույնը ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ Hetq.am-ի լրագրող Սեդա Հերգնյանը «Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան. պատմություն՝ կասկածելի ցուցանիշներով» նյութի համար։

Արտակարգ գրություն անվանակարգը նորություն էր «Թվապատում» մրցույթում։ Հաղթող նյութը Armeniasputnik.am-ի «Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում» ֆոտոպատմությունն էր, որի հեղինակ Նանա Քնար Մարտիրոսյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Info.com-ից Մարգարիտա Ղազարյանը ՝ «860 հատված ծառ և ոչ մի ջրթույլտվություն․ Լիճքի հանքավայրի բաժնետերերի, շահագործման և դադարեցման առեղծվածը» մուլտիմեդիա պատմության համար։

Հատուկ մրցանակ՝ Մարդասիրական թեմաներով անվանակարգում հաղթող նյութն էր Hetq.am-ի Մերի. «Կարենն ինձ թևեր տվեց» մուլտիմեդիա նյութը, որի հեղինակներ Մարինե Մարտիրոսյանը և Վահե Սարուխանյանը պարգևատրվեցին 200 000 դրամով:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Yerevan.today-ից Գևորգ Ավչյանը «Հայաստանի էներգետիկ «այլընտրանքը»» մուլտիմեդիա պատմության համար։

«Թվապատում 2020»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց Հանրային հեռուստաընկերության «Մեր ժամանակների հերոսը․ Լուսինե Բարաթյան» պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Խանե Պողոսյանը և հերոս Լուսինե Բարաթյանը:

Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ և խրախուսական մրցանակների արժանացան մեդիա պատմություններ, որոնք տպավորեցին ժյուրիին նյութերի լրագրողական բարձր որակով և ներկայացված թեմայի կարևորությամբ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 100 000-ական դրամ հատուկ մրցանակ հանձնեց երկու պատմության հեղինակների՝ Ampop.am-ից Լիլիթ Պողոսյանին՝ «Չհարկվող գույք չի մնալու․ ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ․-ից» նյութի համար, Chai-khana.org-ի լրագրող Անի Ռափյանին՝  «Ապրել առանց մահվան վախի» պատմության համար։

Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացան Zangezur.tv-ից Անուշ Միրզոյանը՝ «Հոգու կարիքներ» ռեպորտաժի համար, Aravot.am-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը՝ «Հայաստանի սպանդանոցների տեղաբաշխվածությունը ըստ մարզերի» նյութի համար։ Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացավ նաև Hetq.am-ի «Հայկական COVID-19 թեստերն արտադրող սարքերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին» հետազոտական նյութի հեղինակ Տաթև Խաչատրյանը։

2 լրագրողական պատմություններ արժանացել էին ժյուրիի բարձր գնահատականներին, բայց քանի որ ստեղծվել էին «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, մրցանակների փոխարեն արժանացան հատուկ հիշատակման պատվոգրերի։


 «Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Մրցույթներն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։