Contest 2022

Նոյեմբերի 18-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2022» լրագրողական մրցույթի արդյունքները:

Արդեն ութերորդ անգամ անցկացվող մրցույթի նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը և իրազեկմանը՝ երկրում ընթացող իրադարձությունների, մարդու իրավունքների, ճգնաժամերի, մարդասիրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, երկրի կայունացման ճանապարհների և հնարավոր տնտեսական լուծումների վերաբերյալ։

«Թվապատում 2022» լրագրողական մրցույթը իրականացրել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցում են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:

Անվանակարգերն ու մրցանակակիրները

Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և «Թվապատման» խորհրդանիշ արձանիկներով:

Tvapatum 2022 (Գործող անձ)
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)

«Թվապատում 2022»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց CivilNet-ի լրագրող Գեղեցիկ Ոսկանյանի «Թե Աստված կամենա՝ պատրաստ ենք տասնվեցերորդ անգամ էլ ծնող դառնալ․ բազմազավակ ընտանիքի պատմություն» նյութը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին և՛ նյութի հեղինակը, և՛ հերոսները՝ Մարտիկ և Անժելա Մելքոնյանները:

Tvapatum 2022 (Մեդիա 3.0 )
ՄԵԴԻԱ․3.0

Մեդիա 3.0 անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամ պարգևի արժանացավ Infocom-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը «Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները» նյութի համար։

Tvapatum 2022 (Արտակարգ գրություն)
ԱՐՏԱԿԱՐԳ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ գրություն անվանակարգում հաղթող նյութը «Հետք»-ի «Ակնայից՝ Բագրատաշեն․ ապահով անկյան փնտրտուքով» նյութն էր, որի հեղինակներ Անի Սարգսյանը և Ռիմա Գրիգորյանը պարգևատրվեցին 250 000 դրամով:

Tvapatum 2022 (Դիտակ)
ԴԻՏԱԿ

Դիտակ անվանակարգում մրցանակակիր ճանաչվեցին և 250 000 դրամ պարգևի արժանացան «Հետք»-ի լրագրողներ Ռիմա Գրիգորյանը և Հայկ Մակիյանը «Երևանի կեղտաջրերը հոսում են Արարատյան դաշտ. 10,4 մլն եվրոյանոց մաքրման կայանը չի շահագործվում» նյութի համար։

Tvapatum 2022 (Լուսաբանելով գիտությունը)
ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթող նյութը Infocom-ի «Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա»-ն էր։ Նյութի հեղինակ Աննա Սահակյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Հատուկ մրցանակներ

Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ մրցանակների արժանացան լրագրողական աշխատանքներ, որոնք ժյուրիի կողմից բարձր գնահատականի էին արժանացել և աչքի էին ընկել պրոֆեսիոնալ մոտեցմամբ և ներկայացված թեմայի կարևորությամբ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց Mediamax-ի լրագրող Գայանե Ենոքյանին՝ «Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը» նյութի համար և արժանացավ 50 000 դրամ պարգևի։

Այս տարի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սահմանել էր երկու հատուկ մրցանակ՝ ի հիշատակ գործընկերներ Մանանա Ասլամազյանի և Անահիտ Դանիելյանի։ Մարիամ Մանսուրյանին շնորհվեց Մանանա Ասլամազյանի անվան հատուկ մրցանակ «Երևակում» ֆիլմի համար և արժանացավ 100 000 դրամ պարգևի։

4plus-ի լրագրող Նազիկ Արմենակյանը արժանացավ Անահիտ Դանիելյանի հիշատակի հատուկ մրցանակ «Երբ տունդ վառվում է» նյութի համար և արժանացավ 50 000 դրամ պարգևի։

Econews-ի լրագրող Մարիամ Տաշչյանի «Վայրի առևտուր»․ ֆիլմ վայրի կենդանիների միջազգային առևտրի և Հայաստանի մասին նյութը արժանացավ հատուկ հիշատակման պատվոգրի։

gajane
ԳԱՅԱՆԵ
ՄԻՐԶՈՅԱՆ

Ուրբանիստա հարթակի խմբագիր

արմեն
ԱՐՄԵՆ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ծրագրի համակարգող

suren
ՍՈՒՐԵՆ
ԴԵՀԵՐՅԱՆ

Ամփոփ մեդիայի հիմնադիր և գլխավոր խմբագիր

anna
ԱՆՆԱ
ՍԱՐԳՍՅԱՆ

Շողակաթ ՀԸ-ի տեսալսողական մեդիայի մասնագետ

վաչե
ՎԱՉԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արցախում բարեգործական սոցիալական ծրագրերի համակարգող, նախորդ մրցույթի Գործող անձ անվանակարգի հաղթող