Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում 2024» լրագրողական մրցույթը: Նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրությունը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը, փաստահեն նյութերի, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների ու ժամանակակից գործիքների կիրառումը։

«Թվապատումը» նպաստում է հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը՝ երկրում ընթացող իրադարձությունների և զարգացումների մասին, մարդու իրավունքների, մարդասիրական խնդիրների, տնտեսության տարբեր ճյուղերի, կայունացման ճանապարհների և հնարավոր լուծումների վերաբերյալ՝ խրախուսելով հավաստի լրատվությունը ու լրագրության բազմաշերտ, վերլուծական ժանրերը, ինչպիսիք են հետաքննական, բացատրական և տվյալների լրագրությունը։

«Թվապատում 2024» մրցույթի անվանակարգերն են`

  • Homo Agendi (Գործող անձ)
  • Դիտակ
  • Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում
  • Տուն և տեղ
  • Ականջօղ
  • Արտակարգ Գրություն
  • Լուսաբանելով գիտությունը

Ժամկետներ և պայմաններ

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2023 թ-ի սեպտեմբերի 11-ից մինչև 2024 թ-ի սեպտեմբերի 10-ը ժամանակահատվածում հայաստանյան (Հայաստանում գրանցված) լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, օնլայն, սոցիալական մեդիա) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, մուլտիմեդիա, փոդքասթ և այլն):

Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ (լրացնելով 3 տարբեր հայտ)՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում: Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ մինչև 2024 թ. սեպտեմբերի 10-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ-ի հոկտեմբերին:

Ընտրող հանձնաժողովը կազմվում է մեդիա և հաղորդակցության մասնագետներից, լրագրողներից, այդ թվում նախորդ տարվա հաղթողներից։ Հանձնաժողովում չեն ընդգրկվում մրցույթում մասնակցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ուշադրություն. «Թվապատում» մրցույթին չեն կարող ներկայացվել այն լրագրողական աշխատանքները, որոնք ստեղծվել են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կամ վերջինի մասնակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում տրամադրված դրամաշնորհների միջոցով։

Հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Արշալույս Մուրադյանին` [email protected] էլ. հասցեով, 010 58 36 20, 055 56 32 36 հեռախոսահամարներով:

Անի Դարբինյանին՝ [email protected] էլ. հասցեով, 010 583620, 093 26 04 77 հեռախոսահամարներով։

 

Homo Agendi (Գործող անձ)

Այս ավանդական անվանակարգի առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը փոխելու և բարելավելու, մարդկանց օգնելու փորձով և օրինակներով։ Թեմատիկ սահմանափակում չկա։

Homo Agendi անվանակարգում պարգևատրվում է թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը, յուրաքանչյուրը՝ 300,000-ական դրամով:


Դիտակ

Այս անվանակարգում ընդունվում են հետաքննական, փաստերի ստուգման օրինակներ, որոնք ճշգրտում, վերլուծում և բացահայտում են քողարկված, անորոշ, մոլորեցնող տեղեկատվություն, այդ թվում ապատեղեկատվություն և մանիպուլյացիա։ Աշխատանքները գնահատելիս` հաշվի կառնվեն տվյալների լրագրության հմտությունները, փաստերի ստուգման մասնագիտական վարպետությունը և արդի մեդիա գործիքների կիրառումը:

Մրցանակը՝ 250,000 դրամ:


Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառում

Անվանակարգը խրախուսում է լրագրության ասելիքի և արդի տեխնոլոգիաների համադրությունը՝ առանց թեմատիկ սահմանափակումների։ Նյութերում պետք է օգտագործված լինեն նորարարական մոտեցումներ, պատմությունները ներկայացվեն արդի հարթակների և գործիքների միջոցով, ինտերակտիվ լուծումներով։ Այս անվանակարգը կգնահատի տվյալների լրագրությունը, ստեղծագործական աշխատանքն ու մեդիայի թվային հնարավորությունների լավագույն կիրառումը։

Մրցանակը՝ 250,000 դրամ:


Տուն և տեղ

Անվանակարգն արժևորում է լավագույն վերլուծական բովանդակությունը։ Այս տարվա նյութերը պետք է լինեն քաղաքային ու գյուղական համայնքերի զարգացման, ապրելու և գործելու պայմանների, հարմար ու ապահով միջավայրի թեմաներով։ Վերլուծական հրապարակումները բացատրական և լուծումների լրագրության ժանրերով պետք է ներկայացնեն քաղաքների, գյուղական բնակավայրերի խնդիրներն ու հեռանկարները, առանձնահատկություններն ու հնարավորությունները։

Մրցանակը՝ 250,000 դրամ։


Ականջօղ

Անվանակարգը խրախուսում է գենդերային հավասարության, կնոջ ու տղամարդու դերերի ժամանակակից ընկալումների, համայնքային, հանրային ու պետական մակարդակներում առկա խնդիրների մասին հրապարակումներ, ինչպես նաև՝ ընտանեկան բռնության, հասարակությունում առկա մարտահրավերների, որոշակի դեպքերի մասին նյութեր։

Մրցանակը՝ 250,000 դրամ։


Հիմնական անվանակարգերից բացի կլինեն հատուկ մրցանակներ

Արտակարգ Գրություն

Հայաստանում և Հայաստանին առնչվող ճգնաժամերի, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մարդասիրական խնդիրների մասին պատմող լրագրողական աշխատանք։ Նյութերը կարող են առնչվել սահմանամերձ բնակչության, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրներին, անվտանգության և կենսական այլ հարցերի, հակամարտության հետևանքով փոխված մարդկային ճակատագրերին և այլն։

Մրցանակը՝ 250,000 դրամ:


Լուսաբանելով գիտությունը 

Գիտության թեմայով կամ գիտական լրագրության լավագույն աշխատանք։ Նյութերը կարող են ներկայացված լինել ցանկացած ժանրով և ձևաչափով։

Մրցանակը՝ 200,000 դրամ։

Ընտրող հանձնաժողովի  հայեցողությամբ կարող են շնորհվել նաև այլ հատուկ և/կամ խրախուսական մրցանակներ։


ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

01
Ո՞վ կարող է դիմել մրցույթին
Ցանկացած լրագրող, նյութի հեղինակ կամ ստեղծագործական թիմ՝ լրատվամիջոցի ղեկավարության համաձայնությամբ:
02
Ո՞վ է ստանում մրցանակը:
Մրցանակը շնորհվում է նյութի հեղինակին, թիմային աշխատանքի դեպքում՝ հեղինակներին, ստեղծագործական թիմին, բայց՝ ոչ լրատվամիջոցին:
03
Կարելի՞ է մրցույթին ներկայացնել ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցում, բիզնես կամ հասարակական կազմակերպության կայքում հրապարակված նյութ:
Ոչ:
04
Կարելի՞ է ներկայացնել չհրապարակված նյութ:
Ոչ, մրցույթին ներկայացված բոլոր նյութերը պետք է հրապարակված լինեն 2023 թ-ի սեպտեմբերի 11-ից մինչև 2024 թ-ի սեպտեմբերի 10-ը ժամանակահատվածում։
05
Կարելի՞ է մրցույթին ներկայացնել ոչ հայաստանյան լրատվամիջոցում հրապարակված նյութ:
Ոչ, մրցույթին կարելի է ներկայացնել միայն Հայաստանում գրանցված և գործող լրատվամիջոցների հրապարակումներ:
06
Կարելի՞ է օտար լեզվով նյութ ներկայացնել:
Այո, հայերենից բացի մրցույթն ընդունում է նաև հայաստանյան լրատվամիջոցների` այլ լեզուներով հրապարակումներ, եթե դրանց թեման համապատասխանում է մրցույթի պահանջներին: «Թվապատումը» խրախուսում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով հրապարակումները:
07
Կարելի՞ է մրցույթին ներկայացնել նյութեր, որոնք վերբեռնված չեն որևէ առցանց հարթակում:
Այո, տպագիր, հեռուստառադիո նյութերը, որոնք չունեն առցանց տարբերակ, կարելի է կամ վերբեռնել անմիջապես առցանց հայտում, կամ ներակայացնել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակ (հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ):
08
Որո՞նք են նյութի տեխնիկական պահանջները:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել նյութի պատկերի, ձայնի և ձևաչափի որակին: Տեխնիկական խոտանով նյութերը չեն դիտարկվի:
09
Առավելագույնը քանի՞ նյութ կարող է ներկայացնել մեկ հեղինակը:
Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ:
10
Կարո՞ղ է հեղինակը մեկից ավելի հայտ ներկայացնել միևնույն անվանակարգի համար:
Այո, հեղինակը կարող է ներկայացնել մեկից երեք նյութ՝ միևույն կամ տարբեր անվանակարգերում:
11
Կարո՞ղ է հեղինակը միևնույն նյութը ներկայացնել տարբեր անվանակարգերի համար:
Ոչ։
12
Եթե նյութը համապատասխանում է մի քանի անվանակարգերի, ինչպե՞ս ընտրել՝ որ մեկին ներկայացնել:
Խնդրում ենք հեղինակին՝ հայտ ներկայացնելուց առաջ ուշադիր կարդալ անվանակարգի չափանիշները, ըստ այդմ որոշել ներկայացվող նյութի հիմնական առավելությունն ու համապատասխանությունը այս կամ այն անվանակարգին: Ուշադրություն, ժյուրիի որոշմամբ նյութը կարող է տեղափոխվել մի անվանակարգից մյուսը, եթե դրանով ավելանում է տվյալ նյութի հաղթելու հավանականությունը:
13
Ինչպե՞ս են ընտրվում հաղթողները:
Հաղթողներին ընտրում է մեդիա ոլորտի մասնագետներից կազմված ժյուրին: Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրին տրամադրվում են մրցույթին ներկայացված բոլոր հայտերը, անվանակարգերի նկարագրությունները, գնահատման չափանիշներն ու գնահատման թերթիկը: Առանձնացվում են յուրաքանչյուր անվանակարգում ժյուրիի բոլոր անդամների կողմից առավելագույն միավորներ ստացած նյութերը, որոնցից էլ ընտրվում են հաղթողները՝ ժյուրիի քննարկման արդյունքում:
14
Ովքե՞ր են ընդգրկված ժյուրիի կազմում:
Ժյուրիի կազմը որոշվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո: Հանձնաժողովում ներգրավվում են մեդիա ոլորտի մասնագետներ, ովքեր չեն ներկայացնում հայտեր ներկայացնող լրատվամիջոցներից և ոչ մեկը:
15
Ի՞նչ մրցանակներ են ստանում հաղթողները:
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված է որոշակի դրամական պարգև: Մրցանակների մանրամասն նկարագրությունն ու գումարի հստակ չափը ներկայացված են «Մրցանակների նկարագրություն» բաժնում:
16
Ի՞նչ հաճախականությամբ է անցկացվում մրցույթը:
«Թվապատումն» ամենամյա մրցույթ է:
17
Ու՞մ դիմել հարցերի դեպքում:
Արշալույս Մուրադյանին, էլ․ հասցե՝ [email protected], հեռ․՝ 010 58 36 20, 055 56 32 36: Անի Դարբինյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620, 093 26 04 77:
18
Ի՞նչ չափանիշներով են գնահատվում նյութերը։
Ժյուրիի անդամները նյութերը գնահատում են հինգ չափանիշներով՝ 1. մրցույթի թեմային համապատասխանությունը, 2. մասնագիտական չափանիշների պահպանում․ էթիկա, հավասարակշռվածություն, ճշգրտություն, հստակություն, 3. թեմայի ստեղծագործական ներկայացում, 4. նյութի տեխնիկական որակ․կառուցվածք, վիզուալ, ձայնային որակներ, 5. այս չափանիշը բնորոշ է յուրանքանչյուր անվանակարգին և տարբեր է բոլոր անվանակարգերի համար։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿԻՑՆԵՐ

«Թվապատում 2024» լրագրողական մրցույթը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: 

«Թվապատում 2024» լրագրողական մրցույթի «Տուն և տեղ» և «Ականջօղ» անվանակարգերին աջակցում է Եվրոպական միությունը:

«Թվապատում 2024» լրագրողական մրցույթի «Արտակարգ գրություն» և «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգերին աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը: 

«Թվապատում 2024» լրագրողական մրցույթին աջակցում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամը։

logos

ՄԵՐ ՄԱՍԻՆ

MIC-Logo-AM1

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն աջակցում է արտահայտման ազատությանն ու լրատվամիջոցների որակի բարելավմանը, նպաստում է մեդիագրագիտության տարածմանը, մասնակցում է մեդիա օրենսդրության բարելավմանն ու լրագրողների իրավունքների պաշտպանության աշխատանքներին: Իր գործունեության քսան տարիների ընթացքում կազմակերպությունն անցկացրել է մոտ 800 դասընթաց մեդիա մենեջմենթի, հեռուստառադիո արտադրության, հետաքննական, մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրության, նոր մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով՝ կրթելով շուրջ 3500 փորձառու և սկսնակ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների: ՄՆԿ-ի հեղինակած հեռուստատեսային, ռադիո և ինտերնետային հարուստ արտադրանքն անդրադառնում է մարդու իրավունքների, հակամարտությունների, միգրացիայի, ընտրությունների, ազգային փոքրամասնությունների, գենդերային և այլ թեմաներին:

Կազմակերպությունը Հայաստանում գործում է 1995 թ.-ից՝ Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպություն անվամբ: 2013թ․-ի հուլիսին վերանվանվել է և գործում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» անվամբ:

Media Initiatives Center

3 Arshakunyats Ave., 3rd floor, Yerevan 0023, Armenia
Tel.: + 374 10 58-36-20; + 374 11 58-36-20