Թվապատում 2015-ն ամփոփվեց, բայց մրցույթը շարունակվում է
Սեպտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում ամփոփվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթը:
Այն նպատակ ուներ խթանել Հայաստանում իրականացվող բարեփոխումների լուսաբանումը, մասնավորապես, հանրային սեկտորի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման հզորացմանը և սոցիալական բարեկեցության խթանմանն ուղղված միջոցառումները` որակյալ լրագրության օրինակների միջոցով:
Մրցույթին ներկայացված՝ տարբեր ժանրերի և լրատվամիջոցների 72 լրագրողական աշխատանքներից լավագույններն առանձնացրին ժյուրիի հինգ անդամները, ովքեր Հայաստանի մեդիադաշտի հայտնի մասնագետներ են՝
- Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ
- Տիգրան Պասկևիչյան, գրող, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի հեղինակ
- Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ
- Գնել Նալբանդյան, newmag ամսագրի և «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր
- Զարուհի Սարվարյան, լրագրող, հանրային կապերի մասնագետ
Սահմանված դրամական մրցանակները և «Թվապատում 2015» մրցույթի խորհրդանիշ-պարգևները հանձնվեցին 4 հիմնական անվանակարգերում
Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգում հաղթող ճանաչվեց
և 200 000 դրամի արժանացավ Անի Հովհաննիսյանի և Նարեկ Ալեքսանյանի՝ hetq.am-ումհրապարակված «Հայաստանի օրինական և անօրինական աղբավայրերը. Տավուշի մարզ» մուլտիմեդիա նյութը։
Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգի մրցանակը՝ 250 000 դրամը, շնորհվեց Անի Հովհաննիսյանին և Մարինե Մադաթյանին hetq.am-ում հրապարակված «Ժամկետն անց ռենտգեն սարքեր. ռադիացիոն անվտանգությունը Հայաստանում փակ թեմա է» նյութի համար։
Խրախուսական մրցանակի արժանացավ և 50 000 դրամով պարգևատրվեց iravaban.net-ում հրապարակված՝ Աստղիկ Կարապետյանի «755 միլիոն դրամով կառավարության կողմից գնված բնակարանների հետքերով» նյութը։
Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում հայտարարվեց երկու մրցանակակիր․ Զարուհի Մեջլումյանը՝ hetq.am-ում հրապարակված «Հայաստանը կունենա ԴՆԹ փորձաքննության վերջին սերնդի գործիք» և Արտակ Համբարձումյանը՝ civilnet.am-ում հրապարակված «Քո գրպանից՝ նախարարի զարմիկին» լրագրողական աշխատանքների համար։ Երկու հաղթողներն էլ արժանացան 125 000 դրամի։
Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում 300 000-ական դրամի պարգևատրում էր նախատեսված թե՛ հաղթող աշխատանքի հեղինակին, թե՛ հերոսին։ Այս մրցանակին արժանացան aravot.am-ում հրապարակված «Հաջողակը՝ մանկատնից. երբ մանկատունը ոչ թե մեկուսացման, այլ նոր դռներ բացելու միջոց է դառնում» հոդվածի հեղինակ Լիլիթ Առաքելյանն ու նյութի հերոս Սրբուհի Աղաբաբյանը։
Ըստ մրցույթի կազմակերպիչների և ժյուրիի` «Թվապատում 2015»-ում հաղթող ճանաչվեցին և պարգևատրվեցին լրագրողների այն աշխատանքները, որոնք վերաբերում են Հայաստանում ընթացող բարեփոխումներին և աչքի են ընկնում իրենց քննադատական մտածողությամբ, յուրահատուկ ստեղծագործական մոտեցմամբ, համարձակությամբ ու հավասարակշռվածությամբ։
«Թվապատում 2015»-ն այսքանով չի ավարտվում․ վերոնշյալ 4 հիմնական անվանակարգերից բացի՝ «Թվապատում 2015»-ում ներկայացված է ևս մեկ անվանակարգ՝ Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ:
Քվեարկության են դրվում բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները: Այս անգամ, սակայն, ընտրում է լսարանը: Առանձնացված նյութերն ու քվերակության մասին մանրամասները հասանելի կլինեն մրցանակաբաշխության ավարտից հետո Թվապատում կայքի
Ես քվեարկում եմ բաժնում: Նախընտրած նյութի օգտին քվեարկել հնարավոր կլինի հոկտեմբերի 1-ից 31-ը։