Blog

Ամփոփվեց «Թվապատում 2021» լրագրողական մրցույթը

Ամփոփվեց «Թվապատում 2021» լրագրողական մրցույթը

Հոկտեմբերի 7-ին ամփոփեցինք «Թվապատում 2021. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:

Լրագրողական պատմությունները գնահատելիս մասնագիտական հանձաժողովը մեծապես կարևորում է մրցույթին ներկայացված աշխատանքների որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:

«Թվապատում 2021» մրցույթի ժյուրիի կազմում մեդիադաշտի փորձառու մասնագետներ էին`

  • Կարեն Հարությունյան, «Սիվիլնեթ»-ի գլխավոր խմբագիր,
  • Գոհար Տեր-Հակոբյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աուդիո-վիզուալ արտադրանքի պատասխանատու,
  • Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ,
  • Քրիստինե Ալագուլյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, «Շանթ» ՀԸ մեկնաբան,
  • Խանե Պողոսյան, վավերագրող ռեժիսոր, նախորդ մրցույթի «Գործող անձ» անվանակարգի հաղթող:

Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և «Թվապատման» խորհրդանիշ արձանիկներով:

Դիտակ անվանակարգում մրցանակակիր ճանաչվեցին և 250 000 դրամ պարգևի արժանացան Hetq.am-ի լրագրող Տիրայր Մուրադյանը և լուսանկարիչ Սարո Բաղդասարյանը՝ «Սևանի ափի քանդման ենթակա շինությունների տերերն ու ճեմուղու կառուցման ծրագիրը» նյութի համար։

Ռեինֆորմացիա անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամ պարգևի  արժանացավ «Ուրբանիստա» հարթակի հիմնադիր,  լրագրող Գայանե Միրզոյանը «ԽՈՇՈՐԱՑՎՍԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ. հինգ տարի անց» նյութի համար։

Արտակարգ գրություն անվանակարգում հաղթող նյութը www.4plus.org-ի «Պատերազմի վավերագրողները (ֆրագմենտալ ապրում)» նախագիծն էր, որի հեղինակ Նազիկ Արմենակյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

«Թվապատում 2021»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց Mediamax.am-ի լրագրող Գայանե Ենոքյանի «…Որ սահմանն ապրի». Երեւանից Արցախի Սարուշեն գյուղ տեղափոխված Վաչեն պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին և՛ նյութի հեղինակը, և՛ հերոսը՝ Վաչե Վարդանյանը:

Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ և խրախուսական մրցանակների արժանացան լրագրողական աշխատանքներ, որոնք ժյուրիի կողմից բարձր գնահատականի էին արժանացել և աչքի էին ընկել պրոֆեսիոնալ մոտեցմամբ և  ներկայացված թեմայի կարևորությամբ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց երեք պատմության հեղինակների՝ Վաղինակ Ղազարյանին՝ «Ցավալի ճամփորդություն՝ պատերազմի միջով» (Mediamax) ֆոտոպատմության համար, Արեն Մելիքյանին՝ «Նոր կյանք պատերազմից հետո» (Ազատություն) փոդքասթի համար, Մարգարիտա Ղազարյանին՝ «Պայմանագրով արդյունահանում, իրականում՝ չշահագորվծող հանքեր Սյունիքի մարզի լքված հանքերը» (Infocom.am) հետազոտական նյութի համար։ Նրանցից յուրաքանչյուրն արժանացավ 100 000-ական դրամ պարգևի։

Խրախուսական 50 000 դրամական պարգևի արժանացան Infocom.am-ից Աննա Սահակյանը ՝ «Համայնքների խոշորացում խնդիրներ և արդյունքներ» նյութի համար և «Ինֆոդեմիա» հաղորդաշարի (ՀԼԱ/Ցայգ Հը) հեղինակները։


«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Մրցույթն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։