ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Ընտրական հանձնաժողովի աշխատանքի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
«Թվապատում 2021» մրցույթին ներկայացված աշխատանքները գնահատում է հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկված լինել լրագրողներ, մեդիա փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախորդ տարվա մրցույթի «Գործող անձ» անվանակարգում հաղթող ճանաչված նյութի հերոսը, կամ հեղինակը: Հանձնաժողովը կարող է ունենալ 5-7 անդամ՝ բոլորը հավասար ձայնի իրավունքով։ Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդատվական կարգավիճակով (առանց ձայնի իրավունքի) կարող են մասնակցել մրցույթի հովանավորները։ Հանձնաժողովի կազմը հրապարակվում է մինչև մրցանակաբաշխությունը։
Հանձնաժողովի անդամները ստորագրում են գաղտնիություն պահելու մասին հատուկ փաստաթուղթ (Գաղտնիության հավաստագիր) և իրավունք չունեն հանրայնացնել որևէ որոշում մինչև մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումը, արձանագրության ստորագրումը և մրցնակաբաշխության ավարտը։ Հանձնաժողովի անդամը պարտավոր է հարգել մրցույթի գաղափարները, ընդունված որոշումները, հանձնաժողովի մյուս անդամներին։ Հանձնաժողովի անդամները ստանում են սիմվոլիկ վարձատրություն՝ միայն որպես ներգրավված մասնագետների ժամանակի փոխհատուցում։
Կազմակերպիչները պարտավորվում են ապահովել հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունն ու բացառել շահերի բախման հավանականությունը: Հանձնաժողովի աշխատանքներում չեն կարող ներգրավված լինել այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց լրագրողները մասնակցում են մրցույթին։
Հանձնաժողովն իրավունք ունի
- գնահատել ներկայացված աշխատանքներն ըստ ընդունված կարգի,
- որոշել հաղթողներին,
- նյութը տեղափոխել մի անվանակարգից մյուսը, եթե հեղինակը հայտը ներկայացնելիս սխալ է թույլ տվել, կամ հանձնաժողովը համարում է, որ այդ փոփոխությունը կարող է ներկայացված աշխատանքի օգտին լինել,
- մրցանակ չհանձնել այն անվանակարգերում, որոնցում նյութերը թույլ են և կարող են բացասաբար ազդել մրցույթի հեղինակության վրա,
- անվանակարգի մրցանակը կիսել երկու կամ ավելի հաղթողների միջև,
- իր հայեցողությամբ հատուկ մրցանակներով խրախուսել մրցույթին ներկայացված առանձին նյութեր,
- կազմակերպել մրցույթին ներկայացված նյութերի քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, դասընթացներ,
- հանձնաժողովի անդամները կարող են հարցազրույցներ տալ և վերլուծություններ պատրաստել մրցույթի նպատակի, արդյունքների, հաղթողների, աշխատանքների ընդհանուր որակի մասին՝ հանդես գալով հանձնաժողովի անունից:
Նյութերը գնահատվում են 5 չափանիշներով՝ 4 ընդհանուր՝ 1-5 բալանոց սանդղակով, և 1-ը՝ յուրաքանչյուր անվանակարգին բնորոշ՝ 1-10 բալանոց սանդղակով։ Գնահատումը կատարվում է այս կանոնակարգին կցված հատուկ թերթիկում:
Բոլոր նյութերի անհատական դիտարկումից և նախնական գնահատումից հետո կազմակերպվում է հանձնաժողովի անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվում են բոլորի կողմից յուրաքանչյուր անվանակարգում ամենաբարձր գնահատականները ստացած նյութերը: Ընտրված նյութերը քննարկելուց հետո կայացվում է հաղթողների մասին վերջնական որոշում և կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է.
- հաղթող մասնակիցների և աշխատանքների ցուցակը,
- անվանակարգերը և մրցանակների չափերը,
- հատուկ մրցանակները և խրախուսանքները, եթե այդպիսիք կան,
- մրցույթի հովանավորների մասին տեղեկություն,
- այլ հնարավոր որոշումներ, տեղեկություններ:
Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները և կնքում կազմակերպիչները: Արձանագրությունը հանդիսանում է մրցույթի որոշումների մասին վերջնական փաստաթուղթ և հրապարակվում է մրցույթի արդյունքների հետ միասին։
Մեծաքանակ հայտեր ստանալու դեպքում (100 և ավելին) հանձնաժողովի անդամների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար ստեղծվում է նախընտրական խումբ, որը բացահայտում է մրցույթի պայմաններին չհամապատասխանող հայտերը և չի փոխանցում դրանք ժյուրիի դիտարկմանը։
Հանձնաժողովի անդամները ակտիվ մասնակցություն են ունենում մրցանակաբաշխության արարողությանը: Նույն օրը կազմակերպվում է ներկայացված նյութերի վերլուծություն և քննարկում մասնակիցների հետ: Հանձնաժողովի անդամները մրցանակաբաշխության արարողության ժամանակ մրցանակ են հանձնում՝ նշելով այն առանձնահատկությունները, որոնց շնորհիվ տվյալ նյութը հաղթող է ճանաչվել: