Սեպտեմբերի 27-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:
Հինգերորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:
«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Միջոցառմանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Անվանակարգերն ու մրցանակակիրները
«Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթն ուներ երկու նոր անվանակարգ՝ նվիրված փաստերի ստուգմանն ու մարդասիրական թեմաներին:
Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:
ՌԵԻՆՖՈՐՄԱՑԻԱ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ
Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Աստղիկ Գևորգյանը՝ Ampop.am-ում հրապարակված «Համայնքների միավորում և խոշորացում. Բնակիչների համաձայնությունը ոչ միշտ է առկա» մուլտիմեդիա լրագրողական աշխատանքի համար:
ՍՏԱՏՈՒՍ․ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Այս անվանակարգի հաղթող նյութը «Առավոտ»-ում հրապարակված «Սովորույթի ուժով՝ ընդհատելով կրթությունը» վավերագրական ֆիլմն էր, որի հեղինակ Նելլի Բաբայանը պարգևատրվեց 250 000 դրամով։
ՍՏՈՒԳՎԱԾ Է․ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
Այս անվանակարգում լավագույն լրագրողական աշխատանք է ճանաչվել 24news.am-ի «Շաքարավազի շուկայում հեղափոխությունից հետո ավելացել է Սամվել Ալեքսանյանի հարևանը» մուլտիմեդիա նյութը: Հեղինակ Լիլիթ Հովհաննիսյանը պարգևատրվեց 200 000 դրամով։
ՄԵԴԻԱ 3.0. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՐԱՌՈՒՄ
Այս անվանակարգում մրցանակի է արժանացել «Հետքի» լրագրող Դիանա Ղազարյանը «Մենակ դասարանում. Հայաստանում 452 երեխա դասարանի միակ աշակերտն է» մուլտիմեդիա պատմության համար և պարգևատրվել 200 000 դրամով:
ԴԻՏԱԿ․ ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս նվանակարգում մրցանակակիրը «Հետք»-ի լրագրող Քրիստինե Աղալարյանն էր՝ «Հայկական ոսկու գինը. Աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ» հետաքննական պատմությամբ: Նա ևս արժանացավ 250 000 դրամի։
Հատուկ մրցանակներ
«Թվապատում» մրցույթում հատուկ մրցանակ շնորհվեց Երևանի քաղաքապետարանի անունից՝ «Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել. տարածքը՝ վաճառվել» հետաքննության համար «Հետքի» լրագրողներ Սեդա Ղուկասյանին, Սարո Բաղդասարյանին և Տիրայր Մուրադյանին։
Մարդասիրական թեմաներով հատուկ մրցանակի արժանացավ Լուսին Մկրտչյանը «Մեդիամաքսում» հրապարակված «Վազաշեն. Կրակոցները, պարող և «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները» նյութի համար:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց նաև երեք պատմության հեղինակների՝ Mediamax.am-ից Ամալի Խաչատրյանին՝ «Զրոյից» շարքի համար, Daphnearmenia.com-ից Վահե Ներսեսյանին՝ «40 տարվա լռություն» նկարազարդած
պատմության համար, Hetq.am-ից Մարինե Մարտիրոսյանին՝ «Հայաստանի «փակ քաղաքները»․ հոգեբուժարաններ» հետազոտական նյութի համար։
«Թվապատման» խրախուսական մրցանակների արժանացան EVNreport.am-ում հրապարակված նյութերի երկու հեղինակներ՝ Արշալույս Բարսեղյանը «Կհավատա՞ս» լրագրողական աշխատանքի համար և Կուշանե Չոբանյանը «Տիգրան Գևորգյան. Կոտրելով կարծրատիպերը» նյութի համար: Խրախուսական մրցանակ շնորհվեց նաև նյութի հերոս Տիգրան Գևորգյանին։
«Թվապատում 2019»-ի ժյուրիի կազմը
Լիլիկ Ստեփանյան, ԵՊԼՀ-ի դասախոս, լրագրող,
Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար,
Գոհար Տեր-Հակոբյան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ,
Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ,
Սիփան Ասատրայն, «Թվապատում 2018»-ի Գործող անձ, Ավագանու անդամ