Սեպտեմբերի 28-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2018. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:
Չորրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:
«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այս տարի մրցույթին աջակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Յուքոմ ընկերությունը:
Անվանակարգերն ու մրցանակակիրները
Փոփոխությունների մասին լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս այս տարի ևս ժյուրին կարևորեց աշխատանքի որակը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:
Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)
«Թվապատում 2018»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց EVNreport նախագծի «Լսել Երևանը» պատմությունը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակ Արեն Մելիքյանը և հերոս Սիփան Ասատրյանը:
ԴԻՏԱԿ. ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Hetq.am-ի լրագրող Գրիշա Բալասանյանը՝ «Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ. 10 մարզերի խմելու ջրի վիճակը» նյութի համար:
ՌԵԻՆՖՈՐՄԱՑԻԱ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ
Այս անվանակարգում սահմանված 250 000 դրամ մրցանակը կիսվեց․ 125 000 դրամով պարգևատրվեցին Ampop.am կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը՝ «Կուտակային կենսաթոշակ. ապահովելով սեփական ծերությունը» նյութի համար, և Ուրբանիստա կայքի «Բացակա քաղաքացիները`ավագանու բաց նիստերին» պատմության համահեղինակներ Հասմիկ Դիլանյանն ու Անահիտ Մինասյանը։
ՄԵԴԻԱ 3.0. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՐԱՌՈՒՄ
Այս անվանակարգի հաղթող նյութը Hetq.am-ում հրապարակված «Կոմունալ վճարներ․ ինչպես են տաքանում Երևանում» պատմությունն է, որի հեղինակներ Անի Հովհաննիսյանն ու Նարեկ Ալեքսանյանը պարգևատրվեցին 200 000 դրամով:
ՍՏԱՏՈՒՍ․ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Այս անվանակարգը նորություն է «Թվապատում» մրցույթում: Անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամի արժանացավ Հանրային հեռուստաընկերության լրագրող Սուսան Բադալյանը` «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները պաշտպանված չեն» տեսանյութի համար:
ԵՍ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՄ. ԼՍԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ
«Թվապատում 2018» լրագրողական մրցույթի «Ես քվեարկում եմ» անվանակարգի հաղթողը Hetq.am-ի լրագրող Քրիստինե Աղալարյանն է՝ «Անտառի եզրը» նախագծի համար:
Հատուկ մրցանակներ
Հիմնական անվանակարգերից բացի՝ ժյուրին հատուկ և խրախուսական մրցանակներ շնորհեց պատմությունների, որոնք տպավորեցին նյութերի լրագրողական բարձր որակով և ներկայացված թեմայի կարևորությամբ:
4Պլյուս կոլեկտիվի վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Կյանքը մինչև և հետո» ֆոտոպատմությունն արժանացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հատուկ մրցանակին․ հեղինակին շնորհվեց 230 000 դրամ՝ մարդասիրական թեմայով նոր արտադրանք ստեղծելու համար:
Հին թեման նոր գործիքների լավագույն կիրառմամբ մատուցելու համար Յուքոմ ընկերությունը պլանշետ հանձնեց Mediamax.am-ի տնօրեն Արա Թադևոսյանին՝ «Հանրապետություն» նախագծի համար:
Երրորդ հատուկ մրցանակը և 100 000 դրամական պարգևը շնորհվեց Hetq.am-ի լրագրող Երանուհի Սողոյանին՝ Դարիկի պահապան տիրուհու՝ Իրինա Թադևոսյանի կերպարը յուրահատուկ կերպով ներկայացնելու համար:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 50 000-ական դրամ խրախուսական մրցանակ հանձնեց երկու պատմության հեղինակների՝ ԱԼՏ հեռուստաընկերությունից Անժելա Ստեփանյանին՝ ««Հզորներն» ու գյուղացիները» պատմության համար և Լոռի հեռուստաընկերությունից Լուսինե Սարգսյանին՝ «Տեղական քաղաքականություն» հաղորդաշարի՝ Աթան խոշորացված համայնքին նվիրված թողարկման համար։
«Թվապատում 2018»-ի ժյուրիի կազմը
ՄԵՍՐՈՊ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների դիտորդ մարմնի համակարգող, Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվահասարակա- գիտական համալսարանի դասախոս
ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հանրային լրագրության ակումբի նախագահ
ՄԱՆԱՆԱ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
Մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադե- միայի անդամ, Ռուսաստանում «Ինտերնյուսի» նախկին տնօրեն
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ
Գրող, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի հեղինակ
ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ Daphne.am նախագծի «Բռնությունից ազատ բիզնես լեդի» պատմության հերոսը