Սեպտեմբերի 29-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները:
Ի՞նչ է փոխվում Հայաստանում, և ի՞նչ են փոխում լրագրողական պատմությունները: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:
Տարբեր ժանրեր ներկայացնող լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս ժյուրին կարևորում է հատկապես աշխատանքի որակը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:
Անվանակարգերն ու մրցանակակիրները
Ժյուրին ուսումնասիրեց և գնահատեց ներկայացված հայտերը, ապա քննարկման արդյունքում որոշեց հաղթողներին: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)
«Թվապատում 2017»-ի Գործող անձ (Homo Agendi) ճանաչվեց Հասմիկ Խաչատրյանը՝ Daphne.am նախագծի «Բռնությունից ազատ բիզնես լեդի» պատմության հերոսը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին նյութի հեղինակը՝ Լիլիթ Առաքելյանը, և հերոսը՝ Հասմիկ Խաչատրյանը:
ԴԻՏԱԿ. ՀԵՏԱՔՆՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամով պարգևատրվեց Hetq.am-ի լրագրող Հրանտ Գալստյանը՝ «Ապրիլի զոհերը» նյութի համար:
ՌԵԻՆՖՈՐՄԱՑԻԱ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ
Այս անվանակարգում ժյուրին հիմնական մրցանակ չշնորհեց, փոխարենը հանձնեց երկու 100 000-ական դրամ հատուկ մրցանակ Սուսան Բադալյանին՝ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Պետության պոզիտիվ պարտավորությունը. միայնակ տարեցների խնամք» պատմության, Անուշ Մուրադյանին՝ Azatutyun.am-ում հրապարակված «Հաշմանդամության կարգ ունեցողների թիվը կրճատվում է, քաղաքացիները բողոքում են» տեսանյութի համար:
ՄԵԴԻԱ 3.0. ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՐԱՌՈՒՄ
Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամի արժանացավ Ampop.am-ի թիմը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի համայնքային խնդիրներին լրագրողական ուսումնասիրությունների շարքով անդրադառնալու համար:
ԵՍ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՄ. ԼՍԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ
Մրցանակաբաշխությունից հետո առցանց քվեարկության դրվեցին ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները: Այս անգամ գործընկերները քվեարկեցին Ազատություն ռադիոկայանի «Արևին ամենամոտ գյուղի»՝ Բասենի մասին հաղորդման օգտին։ «Գյուղամեջ» հաղորդաշարի հեղինակներ Ռուզաննա Գիշյանն ու Արուս Հակոբյանը պարգևատրվեցին 100 000 դրամով:
Հատուկ մրցանակներ
Հիմնական անվանակարգերից բացի՝ ժյուրին հատուկ և խրախուսական մրցանակներ շնորհեց պատմությունների, որոնք հետաքրքրեցին, հուզեցին կամ հիացրեցին:
Լավագույն թվային պատմության համար հատուկ մրցանակ շնորհվեց Civilnet.am-ում հրապարակված «Թլիկ. ամենօրյա պայքար ջրի համար» տեսանյութի հեղինակ Ժաննա Պողոսյանին:
«Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի արտադրած և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Ճանապարհ» ֆիլմի հեղինակ Անժելա Ֆրանգյանը ստացավ հատուկ մրցանակ՝ մասնագիտական բարձր որակի և հերոսների հետ յուրահատուկ աշխատանքի համար:
«Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդաշարի «Հանուն հավասարության» թողարկման համար հեղինակներ Սոնա Աբրահամյանը և Աելիտա Չիլինգարյանը հատուկ մրցանակի արժանացան՝ սոցիալական կարևոր թեմայի ամբողջական և բազմակողմանի լուսաբանման համար:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում մարզեր մեկնող երիտասարդ ուսուցիչների ոգևորող կերպարները Mediamax.am-ում գրավիչ պատմությունների շարքով ներկայացնելու համար խրախուսական մրցանակ շնորհվեց լրագրող Լուսինե Ղարիբյանին:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իր կողմից պատվոգրեր հանձնեց երեք նյութի հեղինակներին՝ Թեհմինե Ենոքյանին` «Փուչիկ արդարադատություն» ֆիլմի, Զարուհի Մեջլումյանին և Գրիշա Բալասանյանին՝ «Բանտային սնունդը» հոդվածաշարի, Ռուզաննա Գիշյանին և Արուս Հակոբյանին՝ «Գյուղամեջ․ արևին ամենամոտ գյուղը․ Բասեն» ֆիլմի համար՝ նշելով այս նյութերի լրագրողական բարձր որակը և ներկայացված թեմաների կարևորությունը:
«Թվապատում 2017»-ի ժյուրիի կազմը
ՄԵՍՐՈՊ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների դիտորդ մարմնի համակարգող, Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվահասարակա- գիտական համալսարանի դասախոս
ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու
ՄԱՆԱՆԱ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
Մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադե- միայի անդամ, Ռուսաստանում «Ինտերնյուսի» նախկին տնօրեն
ՄԱՐԻԱ ԹԻԹԻԶՅԱՆ
EVNreport.com-ի գլխավոր խմբագիր
ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նախորդ մրցույթի «Գործող անձը»՝ Բասեն համայնքի գյուղապետը