Նոյեմբերի 22-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփեց «Թվապատում 2024» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։
Արդեն տասներորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում» մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։
«Թվապատում 2024»-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: Մրցույթի աջակիցներն են նաև «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ – Հայաստանը», Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:
Անվանակարգերն ու մրցանակակիրները
Հանձնաժողովի գնահատականների և ամփոփիչ քննարկման արդյունքում ընտրվեցին մրցույթի հաղթողները, որոնք ստացան դրամական պարգևներ և «Թվապատում» խորհրդանշական արձանիկներ:
ԳՈՐԾՈՂ ԱՆՁ (HOMO AGENDI)
«Թվապատում 2024»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հանձնաժողովը հիմնական հաղթող չընտրեց։ Սակայն հաշվի առնելով անվանակարգի կարևորությունը՝ սահմանվեց հատուկ մրցանակ և 150․000 դրամով պարգև շնորհվեց Առավոտի լրագրող Տաթևիկ Հարությունյանին »Ուզում եմ, որ մարդիկ մարդ մնան ու սիրով մնան»․ Գոհար Պետրոսյան նյութի հեղինակին և հերոսին։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի և 100․000 դրամ պարգևի արժանացավ News.am-ի լրագրող Թագուհի Մելքոնյանը և նյութի հերոսը՝ Աշոցքից Քաղսի․ ֆիզկուլտուրայի ուսուցչի հիմնած ֆուտբոլի աղջիկների թիմը կարծրատիպեր է կոտրում նյութի համար։
ՄԵԴԻԱ․3.0
Մեդիա 3.0 տեխնոլոգիաների լավագույն կիրառման անվանակարգում հաղթող նյութը «Ինֆոքոմի» «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» ծավալուն աշխատանքն էր: 250 000 դրամով պարգևատրվեցին «Ինֆոքոմի» լրագրողներ Սուսինա Խաչատրյանը և Լիլիթ Գրիգորյանը։
Հանձնաժողովը խրախուսական մրցանակ շնորհեց և 100 000 դրամով պարգևատրեց Ազատություն ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին «Վտանգավոր» ու «անվտանգ» ձայնային նռնակը. ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018-ին և 2024-ին կարճ տեսանյութի համար։
ԴԻՏԱԿ
Դիտակ հետաքննական լրագրության անվանակարգում մրցանակակիր դարձավ և 250․000 դրամով պարգևատրվեց «Հետքի» լրագրող Անյա Սարկիսովան՝ Դեղերի սև շուկա․ ինչու՞ որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են նյութի համար։
Հանձնաժողովը առանձնացրեց նաև Ֆակտոր TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի Ով է Երևանին ծառեր մատակարարել․ գործարքը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում հետաքննությունը։ Որոշվեց լրագրողին խրախուսական մրցանակ շնորհել և 100 000 դրամով պարգևատրել՝ հետաքննական լրագրության ժանրում հաջող քայլեր կատարելու համար։
ԱԿԱՆՋՕՂ
Մրցույթի նոր՝ Ականջօղ անվանակարգում հանձնաժողովը ևս հիմնական մրցանակ չսահմանեց և փոխարենը հանձնեց երկու հատուկ մրցանակ և 150 000-ական դրամով պարգևատրեց «Սիվիլնեթի» լրագրող Լյուդմիլա Շիրվանյանին՝ ազգային փոքրամասնության համայնքում կրթության խնդրին անդրադարձած Եզդի կինը կոտրում է կարծրատիպերը տեսանյութի համար և Regional Post-ի լրագրող Անժելա Ալեքյանին Women in Numbers հոդվածում կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում թեման վերլուծելու համար։
Այս անվանակարգը խրախուսում է գենդերային հավասարության, կնոջ ու տղամարդու դերերի ժամանակակից ընկալումների, համայնքային, հանրային ու պետական մակարդակներում առկա խնդիրների լուսաբանումը։
ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200․000 դրամով պարգևատրվեց «Ինֆոքոմի» Զարա Խաչատրյանը՝ Գիտարբուք շարքի համար։
Այս անվանակարգում խրախուսական մրցանակ և 100 000 դրամ պարգև շնորհվեց «Ինֆոքոմի» լրագրող Անի Խաչատրյանին՝ Զորաց քարեր հոդվածի համար։
ԱՐՏԱԿԱՐԳ ԳՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ գրություն անվանակարգում հանձնաժողովը հաղթող ճանաչեց և 250․000 դրամով պարգևատրեց «Սիվիլնեթի» լրագրող Հայկ Ղազարյանին՝ Կիլոմետրերով չոքեչոք․ Ամարասից Քերթ․ Թաթուլ Խաչատրյանի պատմությունը հրապարակման համար։
Այս անվանակարգում հանձնաժողովը հատուկ մրցանակ շնորհեց և 150 000 դրամով պարգևատրվեց Ռիմա Գրիգորյանին Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ հրապարակման համար։ Այն անդրադառնում է խոցելի խմբերին, էթիկական հարցերին և Արցախից տեղահանված երեխաների կյանքին՝ նոր իրականությունում։
ՏՈՒՆ ԵՎ ՏԵՂ
Մրցույթի նոր՝ Տուն և տեղ անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250․000 դրամով պարգևատրվեց «Սիվիլնեթի» լրագրող Լուսինե Վարդանյանը՝ Դբա Դեբեդ․ գետի անաղմուկ աղտոտումը ֆիլմի համար, որն անդրադառնում է հրատապ և արդիական խնդիրներ ունեցող տարածաշրջանին։ Այս անվանակարգում դիտարկվում են քաղաքային ու գյուղական համայնքերի զարգացման, ապրելու և գործելու պայմանների, հարմար ու ապահով միջավայրի թեմաներով լավագույն վերլուծական աշխատանքները։
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
Ավանդույթի համաձայն հանձնաժողովը նաև հատուկ մրցանակ շնորհելու որոշում կայացրեց։ «Թվապատում 2024» ամենամյա մրցույթի հատուկ մրցանակ և 150․000 դրամ պարգև ստացավ Բուն թիվին՝ անցած 13 տարիների ընթացքում գիտական թեմաները հանրահռչակելու և շարունակական նվիրվածության համար։
ԳԱՅԱՆԵ ՄԻՐԶՈՅԱՆ
«Ուրբանիստա»-ի գլխավոր խմբագիր
ԱՐՄԵՆ
ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ծրագրի համակարգող
ԳՆԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» ամսագրի գլխավոր խմբագիր
ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆ
«Առաջին ալիք»-ի Մեդիա ակադեմիայի ղեկավար, հաղորդավար
ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Թվապատում 2023-ի «Գործող անձ» անվանակարգի հերոս