Հայտնի են «Թվապատում 2022» լրագրողական մրցույթի մրցանակակիրները
Նոյեմբերի 18-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2022» լրագրողական մրցույթի արդյունքները:
Լրագրողական պատմությունները գնահատելիս մասնագիտական հանձաժողովը մեծապես կարևորում է մրցույթին ներկայացված աշխատանքների որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:
«Թվապատում 2022» մրցույթի ժյուրիի կազմում մեդիադաշտի փորձառու մասնագետներ են`
- Գայանե Միրզոյան – Ուրբանիստա հարթակի խմբագիր, «Լրագրողներ հանուն քաղաքների զարգացման» ՀԿ համահիմնադիր, ԵՊԼՀ դասախոս
- Արմեն Գրիգորյան-Ծրագրի համակարգող, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամ
- Սուրեն Դեհերյան- Ամփոփ մեդիայի հիմնադիր և գլխավոր խմբագիր, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ
- Աննա Սարգսյան- Տեսալսողական մեդիայի մասնագետ, Շողակաթ ՀԸ
- Վաչե Վարդանյան-Արցախում բարեգործական սոցիալական ծրագրերի համակարգող, «Թվապատմում 2021»-ի Homo agendi/Գործող անձ անվանակարգի հաղթող/նյութի հերոս
Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և «Թվապատման» խորհրդանիշ արձանիկներով:
Դիտակ անվանակարգում մրցանակակիր ճանաչվեցին և 250 000 դրամ պարգևի արժանացան «Հետք»-ի լրագրողներ Ռիմա Գրիգորյանը և Հայկ Մակիյանը «Երևանի կեղտաջրերը հոսում են Արարատյան դաշտ. 10,4 մլն եվրոյանոց մաքրման կայանը չի շահագործվում» նյութի համար։
Մեդիա 3.0 անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամ պարգևի արժանացավ Infocom-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը «Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները» նյութի համար։
Արտակարգ գրություն անվանակարգում հաղթող նյութը «Հետք»-ի «Ակնայից՝ Բագրատաշեն․ ապահով անկյան փնտրտուքով» նյութն էր, որի հեղինակներ Անի Սարգսյանը և Ռիմա Գրիգորյանը պարգևատրվեցին 250 000 դրամով:
«Թվապատում 2022»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց CivilNet-ի լրագրող Գեղեցիկ Ոսկանյանի «Թե Աստված կամենա՝ պատրաստ ենք տասնվեցերորդ անգամ էլ ծնող դառնալ․ բազմազավակ ընտանիքի պատմություն» նյութը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին և՛ նյութի հեղինակը, և՛ հերոսները՝ Մարտիկ և Անժելա Մելքոնյանները:
Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթող նյութը Infocom-ի «Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա»-ն էր։ Նյութի հեղինակ Աննա Սահակյանը պարգևատրվեց 200 000 դրամով:
Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ մրցանակների արժանացան լրագրողական աշխատանքներ, որոնք ժյուրիի կողմից բարձր գնահատականի էին արժանացել և աչքի էին ընկել պրոֆեսիոնալ մոտեցմամբ և ներկայացված թեմայի կարևորությամբ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց Mediamax-ի լրագրող Գայանե Ենոքյանին՝ «Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը» նյութի համար և արժանացավ 50 000 դրամ պարգևի։
Այս տարի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սահմանել էր երկու հատուկ մրցանակ՝ ի հիշատակ գործընկերներ Մանանա Ասլամազյանի և Անահիտ Դանիելյանի։ Մարիամ Մանսուրյանին շնորհվեց Մանանա Ասլամազյանի անվան հատուկ մրցանակ «Երևակում» ֆիլմի համար և արժանացավ 100 000 դրամ պարգևի։
4plus-ի լրագրող Նազիկ Արմենակյանը արժանացավ Անահիտ Դանիելյանի հիշատակի հատուկ մրցանակ «Երբ տունդ վառվում է» նյութի համար և արժանացավ 50 000 դրամ պարգևի։
Econews-ի լրագրող Մարիամ Տաշչյանի «Վայրի առևտուր»․ ֆիլմ վայրի կենդանիների միջազգային առևտրի և Հայաստանի մասին նյութը արժանացավ հատուկ հիշատակման պատվոգրի։
«Թվապատում 2022» լրագրողական մրցույթը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցում են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը: